Թուրք հրատարակիչը կարող է բանտարկվել Հայոց ցեղասպանության մասին գիրք հրատարակելու համար

PanARMENIAN.Net - «Բելգե» հրատարակչության ղեկավար Ռագիպ Զառակոլուն կարող է դատապարտվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով անգլիացի գրող Ջորջ Ջերջյանի` Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հաշտեցման մասին պատմող «Ճմարտությունը կարող է մեզ ազատագրել» գրքի թուրքական թարգմանությունը հրատարակելու համար: The Guardian բրիտանական թերթին տված հարցազրույցում Զարակոլուն ասել է, որ դատավճիռը կարող է կայացվել այսօր: Նաեւ նշվում է, որ Ստամբուլի դատարանի դատախազ Աշլիե Չեզեն պահանջում է կիրառել 301-րդ հոդվածով նախատեսվող մաքսիմալ պատժամիջոցը: Եվրախորհրդարանի անդամ Ռիչարդ Հովիտի խոսքերով, ով ներկա է Ստամբուլում անցնող լսումներին, 301-րդ հոդվածը ցույց է տալիս, որ Թուրքիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ճշմարտության ուղիով: Նա նաեւ ընդգծել է, որ Ջորջ Ջերջյանի այցելությունը Թուրքիա անցանկալի է, քանի որ նրան կարող են սպանել:



The Guardian-ը մեջբերում է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի խոսքերը` 301-րդ հոդվածի փոփոխման անհրաժեշտության մասին, սակայն մեկնաբանները տվյալ հայտարարությունը շատ փոքր քայլ են համարում դեպի ԵՄ Թուրքիային ճանապարհին:



Ռագիպ Զարակոլուն հանդիսանում է հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ: Անցյալ դարի 90-ական թեվականներին նա հրատարակել է թուրքերեն թարգմանված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը` Հայոց ցեղասպանության մասին, ինչի համար կնոջ հետ միասին բանտարկվել է: Այս տարի նա ստացել է Թուրքիայի Լրագրողների միության «Մամուլի ազատություն-2007» մրցանակը, որը նաեւ շնորհվել է Հրանտ Դինքին (հետմահու):



Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով դատական հետապնդման են ենթարկվել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, ով սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Նոբելյան մրցանակակիր, գրող Օրհան Փամուկը, պատմաբան Թաներ Աքչամը, գրող Էլիֆ Շաֆակը, ինչպես նաեւ թուրք մտավորականության շուրջ 60 ներկայացուցիչ, ովքեր հայտարարում են, որ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է հանդիսանում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---