Այսօրվա Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կփակի մուտքն այդ կազմակերպություն Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կփակի մուտքն այդ կազմակերպություն Հայաստանի համար: Նման կարծիք է հայտնել ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Այսօրվա Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կփակի մուտքն այդ կազմակերպություն Հայաստանի համար, քանի որ այժմ Թուրքիան խոչընդոտներ է հարուցում Հայաստանի համար, փորձում է զրկել մեր երկիրը միջազգային կազմակերպություններին անդամակցելու, միջազգային պայմանագրերին միանալու հնարավորությունից»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ Թուրքիան ուղղակի կօգտագործի ԵՄ-ն իր շահերի համար:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է փոխվի մինչ ԵՄ-ին անդամակցելը, հակառակ դեպքում անդամ դառնալուց հետո «չարդարացված լավատեսություն» կլինի հուսալ թե Թուրքիան կփոխվի:



Ըստ Կիրո Մանոյանի, այն փաստը, որ բանակցությունները Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ մեկնարկեցին առանց ԵՄ բոլոր անդամների հավանության, արդեն իսկ հուշում է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան իրենց շահն ունեն այդ հարցում: «Չի բացառվում, որ նույն քաղաքական հաշվարկով էլ Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին, սակայն այդ դեպքում բարեփոխումներ այնտեղ չեն լինի»,-հավելել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---