ՀՀ-ն և Իրանը կգործակցեն գյուղտեխնիկայի արտադրության ոլորտում![]() 5 հուլիսի 2017 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հուլիսի 5-ին ընդունել է Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: «Մեր այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կիրառվող տեխնիկային և հարակից սարքավորումներին, դրանց հզորություններին, ինչպես նաև գործարար կապեր հաստատել տեղական արտադրողների հետ իրանական գյուղտեխնիկայի մատակարարման և նորագույն տեխնոլոգիաների ներմուծման նպատակով», - նշել է ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթին: Այնուհետև կողմերը քննարկել են գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները: Տեղեկացնելով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերի վերաբերյալ` Մակարյանն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաև այդ ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը: Նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև իրանական գյուղտեխնիկայի նմուշների ներկայացումը հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, ինչը Ռոբերտ Մակարյանի համոզմամբ հնարավորություն կընձեռի հայ ֆերմերներին տեղում ծանոթանալ արտադրանքին: «Նախքան իրանական տեխնիկան հայկական շուկա դուրս բերելը, հարկավոր է հայ ֆերմերներին տեղեկացնել դրանց հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ», նշել է Մակարյանը: Հայ-իրանական համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու նպատակով փոխնախարարն առաջարկել է իրանցի գործարարներին սերտորեն համագործակցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ և ստորագրել հուշագիր, որում կներառվի նաև միջոցառումների հստակ ժամանակացույց: Որպեսզի իրանական գյուղտեխնիկան հայկական շուկայում լինի մրցունակ և ունենա պահանջարկ` Մակարյանը միաժամանակ ընդգծել է բարձր որակի և մատչելի գների ապահովման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը: Հանդիպմանը ներկա էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, գյուղատնտեսական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |