Մարզիչ. Բասկետբոլի աղջիկների հավաքականը 2018-ին հանդես կգա ԵԱ B դիվիզիոնում

Մարզիչ. Բասկետբոլի աղջիկների հավաքականը 2018-ին հանդես կգա ԵԱ B դիվիզիոնում

PanARMENIAN.Net - 2017-ի բասկետբոլի Մ 18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդն էր: Մեր թիմը զիջել է միայն հիմնական մրցակից Կիպրոսին: Հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի խոսքով պարտության պատճառը հոգեբանական էր, քանի որ բացակայում էին թիմի առաջատարներից մի քանիսը:

Մարզիչը տեղեկացրել է, որ նախատեսում են հանդես գալ B դիվիզիոնում:

«Հաջորդ տարի նախատեսում ենք հանդես գալ B դիվիզիոնում, սակայն դեռեւս որոշված չէ Մ 18, թե Մ 20 տարիքային խմբում: C դիվիզիոնում այլեւս անելիք չունենք»,- նշել է Հարությունյանը:

«Ես վստահ էի, որ Մալթա մեկնում ենք չեմպիոնության համար: Բայց, բացման արարողությունից սկսած մեր բասկետբոլիստների մոտ հոգեբանական լարվարծություն կար: Մրցակիցները կանգնած էին 11-12 բասկետբոլիստով, իսկ մենք` 7: Ինչպես հայտնի է, թիմի կազմում բացակայում էին մեր առաջին համար Վիկտորյա Տոնոյանը եւ առանցքային խաղացողներ:

Առաջին խաղը Կիպրոսի հետ էր: Այն որոշելու էր չեմպիոնության հարցը: Նրանք զգացին, որ մեր բասկետբոլիստները հոգեբանորեն լարված են եւ երկրորդ խաղակեսից հետո առավելություն ստացան: Մեր ուժերը սպառվել էին, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես: Գործնականում առանց փոխարինումների ենք խաղացել», - ասել է Հարությունյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը մասնակցում են եվրոպական 20-ից ավելի երկրներ:

Photo` Armnoc
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---