Գոշ լճի բնականոն վիճակը վերականգնված է

Գոշ լճի բնականոն վիճակը վերականգնված է

PanARMENIAN.Net - 2017-ի ապրիլին սոցիալական ցանցերով տեղեկատվություն էր տարածվել Գոշ լճի ափամերձ հատվածում առանց համապատասխան թույլտվության աշխատանքներ կատարելու մասին։

Ահազանգի հիմքերով իրականացված գործողությունների արդյունքում տարածքի վարձակալ «Վենդոռ» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքները դադարեցվել էին, գնահատվել էր կատարված աշխատանքի ծավալը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, հայտնում է բնապահպանության նախարարությունը։

Ծառայողական քննության արդյունքում նկատողություն էր հայտարարվել «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան տեղամասի անտառապետին, որը տեղեկացված պետք է լիներ ընկերության կողմից լիճը տիղմից մաքրելու աշխատանքների մեկնարկի մասին: Վարչական պատասխանատվության էր ենթարկվել «Վենդոռ» ընկերությունը՝ առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության լճի տարածքում աշխատանքներ նախաձեռնելու համար:

Հուլիս ամսին, անձրևների դադարից 3 օր անց, սկսվել են Գոշ լճի հարակից հատվածների մաքրման աշխատանքները: Ներկա պահին դրանք ավարտվել են և լիճը բերվել է իր նախկին տեսքին։ Աշխատանքների ողջ ընթացքը վերահսկել է ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ ձևավորված մասնագիտական աշխատանքային խումբը: «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները համապետական շաբաթօրյակի շրջանակներում վերոհիշյալ տարածքներում իրականացրել են նաև աղբից մաքրման աշխատանքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---