ՀՀ քաղաքացին 12 տարի ստրկացված անցկացրել է Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում

ՀՀ քաղաքացին 12 տարի ստրկացված անցկացրել է Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրգործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։

ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, մամուլի մշտադիտարկման շրջանակներում մի քանի ինտերնետային տեղեկատվական հարթակներում արձանագրվել են հրապարակումներ փաստի առիթով։ Ըստ հրապարակումների՝ 2017թ. հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ տղամարդը Վրաստանի ադրբեջանական գյուղում տարիներ շարունակ պահվել է ստրկության նմանվող վիճակի մեջ և ենթարկվել աշխատանքային շահագործման, ավելի ուշ՝ կարողացել վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին աշխատանք գտնելու ակնկալիքով 2003թ. մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղ պատահական ավտոմեքենայի վարորդի խնդրել է աջակցել՝ աշխատանք գտնելու հարցում: Հիշյալ անձը նրան տեղափոխել է Վրաստանի Հանրապետության ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղ, որտեղ բնակվող ազգությամբ ադրբեջանցի ընտանիքի անդամները, ՀՀ քաղաքացուն շահագործելու նպատակով, օգտագործելով վերջինիս կողմից տեղանքին անծանոթ լինելու հանգամանքով պայմանավորված նրա վիճակի խոցելիությունը, մինչև 2017թ. մայիսի 7-ը նրան պահել են ստրկությանը նմանվող վիճակում, այն է՝ առանց վարձատրության աշխատեցրել են ինչպես իրենց, այնպես էլ՝ հարևան բնակիչների հողատարածքներում, իսկ բնակության համար հատկացրել տան տանիքը, որտեղ շահագործման զոհը գիշերել է ստվարաթղթե արկղերի վրա:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում օգոստոսի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---