Մինասյան. Հրդեհն ընդգրկում է Խոսրովի անտառի էական մասը![]() 15 օգոստոսի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հրդեհն ընդգրկում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի էական մասը: Այս մասին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհը բռնկվելուց հետո շատ արագ է տարածվել, անմիջական գործողություններն արդյունքն չեն տվել թե´ տեղանքի, թե´ կլիմայական պայմանների առանձնահատկությամբ: «Մասնավորապես` լինելով պետական արգելոց, որտեղ օրենքի ուժով արգելված է որևէ գործողություն իրականացնելը, մասնավորապես խոտհունձը, հակահրդեհային բաժանարարների ապահվումը, ժամանակի ընթացքում այստեղ ձևավորվել է մի միջավայր, որը հրդեհի տեսանկյունից բարձր ռիսկային դաշտում է գտնվել: Թեև կանխարգելիչ բազմաթիվ գործողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել, ինչի հետևանքով պետական արգելոցի տարածքում, ինչպես նաև համայնքային նշանակության տարածքներում հրդեհը բռնկվել և շատ արագ տարածվել է: Ներկայում այն ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով համարվում է չափազանց մեծ վնաս:Այն վնաս է հասցրել թե´ բուսական աշխարհին` հարյուրամյա ծառերին, թե´ կենդանկան աշխարհին», - նշել է Մինասյանը, գրում է Aysor.am-ը: Նախարարի խոսքով, տարածքի առանձնահատկությունը նաև այն է, որ պետարգելոցը գտնվում է էկոմիջանցքում: «Եղած մարդկային, տեխնիկական հնարավորությունների սահմաններում բոլոր գործողությունները ձեռնարկվել են, սակայն տեղանքի առանձնահատկությամբ պայմանավորված անհնարին է եղել կանգնեցնել հրդեհը: Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ օդային տարածքից, որից հետո կհանգցվեն նաև մնացած հատվածները», - ասել է նա: ՀՀ բնապահպանության նախարարությունը նաև դիմել է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել, Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ: Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նոր թափով: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը: Օգոստոսի 15-ի առավոտյան աշխատանքներում ներգրավվել է նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը: Կարդացեք նաև՝«ԻԼ-76»-ն իրականացրեց առաջին թռիչքը Խոսրովի անտառի հրդեհի մարման համար Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |