Հայկական գինեգործության մասին իրազեկող տեսահոլովակ կնկարահանվի

Հայկական գինեգործության մասին իրազեկող տեսահոլովակ կնկարահանվի

PanARMENIAN.Net - Հայաստանի գինեգործության վերաբերյալ իրազեկող տեսահոլովակ կնկարահանվի, որում համառոտ կներկայացվեն ոլորտի զարգացման պատմությունն ու ժամանակակից զարգացումները, մեր երկրում գինու զբոսաշրջության հնարավորությունները: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը` գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ։

«Մեր նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի վերաբերյալ»,- ասել է նա:

ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ ծրագիրը կմեկնարկի 2017-ի սեպտեմբերին:

Տեղեկացնելով, որ ընթացիկ տարվա աշնանը Շանհայում կայանալու է ProWine ցուցահանդեսը` Զարուհի Մուրադյանը հավելել է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության ու Հայաստանի զարգացման հիմնադրամների համատեղ ջանքերի շնորհիվ կոնյակ և գինի արտադրող 15 հայկական ընկերություն առանձին տաղավարով կմասնակցեն այդ միջոցառմանը:

«Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, և այդ առումով, կարծում ենք, հայկական գինեգործական ընկերությունների համար կարևոր կլինի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, այդ թվում` նաև Շանհայի ցուցահանդեսին»,- նշել է Մուրադյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---