Հայաստանի ու Թուրքմենստանի միջև կարող են ուղիղ ավիաչվերթներ գործարկվել

Հայաստանի ու Թուրքմենստանի միջև կարող են ուղիղ ավիաչվերթներ գործարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրի միջև ուղիղ մշտական ավիաչվերթների հնարավորությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցություններն ամփոփելիս:

«Տնտեսության, զբոսաշրջության ու երկու երկրի քաղաքացիների միջև կապերի զարգացման ֆոնին քննարկվել է նաև Հայաստանի ու Թուրքմենստանի մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաթռիչքների գործարկման հարցը: Պատրաստ ենք մեր թուրքմեն գործընկերներին տրամադրել արտոնությունների ամբողջական փաթեթը, որը նախատեսված է Հայաստանի «բաց երկնքի» քաղաքականությամբ»,- նշել է նախագահ Սարգսյանը:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել էր ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում էր կայացրել 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։

Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---