«Դիլիջան ազգային պարկի» տնօրենը՝ ապօրինի ծառահատումների գործով մեղադրյալ

«Դիլիջան ազգային պարկի» տնօրենը՝ ապօրինի ծառահատումների գործով մեղադրյալ

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել: ՊՈԱԿ-ի ղեկավարն իր աշխատակիցներին անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմելու ապօրինի հանձնարարություններ է տվել, այնուհետև ստորագրել դրանք` այդպիսով ամբողջացնելով և հավաստելով կեղծ փաստաթղթերի կազմման գործընթացը:

Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը՝ մանրամասնելով, որ 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից իրականացված ստուգումների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67.604.750 ՀՀ դրամի վնաս:

Սակայն հայտնաբերված անտառխախտումների իրական քանակը և իր ղեկավարած կազմակերպության աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները քողարկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Աշոտ Դավթյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, վերջինս ՊՈԱԿ-ի «Հաղարծինի» տեղամասի պետ Ն. Ս.-ին հանձնարարել է հայտնաբերված ապօրինի հատված ծառերից 45-ի համար կազմել անտառխախտման կեղծ արձանագրություններ: Այդ նպատակով` հիշյալ տեղամասի 9 տեսուչներ կազմել են համապատասխան արձանագրություններ, որոնցում մտցրել են իբրև անտառխախտում կատարած, սակայն իրականում դրա հետ առնչություն չունեցած, այդ թվում` մահացած անձանց տվյալներ:

Այնուհետև ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Դավթյանն անձամբ ստորագրել և կնիքել է հիշյալ պաշտոնական փաստաթղթերը` դրանք դնելով շրջանառության մեջ: Նշված փաստաթղթերի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմվել է համապատասխան ստուգման ակտ, որով «Հաղարծինի» տեղամասում արձանագրված ապօրինի հատված ծառերի թիվը պակասեցվել է 45-ով:

Աշոտ Դավթյանի` վերը նշված հանցավոր գործողությունների հետևանքով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամի չափով պակաս է հաշվարկվել բնությանը պատճառված վնասը, և ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Բացի այդ, խաթարվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը, ինչպես նաև հեղինակազրկվել պետական մարմինը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Այսպիսով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Աշոտ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---