Երևանի պատմական շենքերի անձնագրերին չհամապատասխանող գովազդներն ապամոնտաժվում են

Երևանի պատմական շենքերի անձնագրերին չհամապատասխանող գովազդներն ապամոնտաժվում են

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ, գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները սեպտեմբերի 11-ին սկսվել են մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայից: Ընդ որում, Տիգրան Մեծ պողոտայում առկա 60 պատմամշակութային շենքերի գերակշիռ մասը գտնվում է Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոցն ընկած հատվածում:

Դեռևս օգոստոս ամսին Երևանի քաղաքապետարանը համապատասխան ընթացակարգով վարչական վարույթներ էր իրականացրել, որոնց նպատակը պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին առկա տարատեսակ գովազդների կանոնակարգումն էր: Մասնավորապես, այդ նպատակով կազմվել էին գովազդային անձնագրեր, որտեղ մանրամասն նշված էր, թե ինչ տեսք պետք է ունենան գովազդները, որպեսզի չխաթարեն այդ շենքերի ճարտարապետական դիմագիծը: Այդ մասին իրազեկվել են տնտեսվարող սուբյեկտները:

Ապամոնտաժման աշխատանքների ընթացքին հետևող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ տնտեսվարողները հիմնականում սեփական ուժերով են ապամոնտաժում գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակները, նրանցից շատերը սկսել են ներկայացնել գովազդային անձնագրերին համապատասխան նոր ցուցանակները` տեղադրման համապատասխան կարգով նոր թույլտվություն ստանալու համար:

Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերից հետո գովազդային անձնագրեր կկազմվեն մյուս բոլոր շենքերի համար: Հետևաբար նոր գործունեություն ծավալող տնտեսվարողները շինություններ ձեռք բերելիս կամ վարձակալելիս տեղեկացված կլինեն, թե ինչպիսին պետք է լինի տվյալ շենքի վրա տեղադրվող գովազդը: Մինչ այդ, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի հավաստմամբ, այն տնտեսվարողները, ովքեր գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակները կապամոնտաժեն սեփական ուժերով, պատասխանատվության չեն ենթարկվի, հակառակ պարագայում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---