Փոստային նոր նամականիշեր՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»

Փոստային նոր նամականիշեր՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»

PanARMENIAN.Net - 2017 թվականի սեպտեմբերի 18-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկվել է երեք նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային: Փոստային նամականիշերը մարվել և շրջանառության մեջ են դրվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում:

350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշերի հետ՝ 10000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» միջոցով իրականացվող նախագծերին:

Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor տպագրատանը: Նամականիշերի դիզայնի հեղինակներ են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Վահե Մուրադյանը:

350 դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին, իսկ 350 և 1100 դրամ անվանական արժեքով երկու նամականիշերի վրա պատկերված են հեռադիտակի շրջանակի մեջ երևացող նամակ գրող և դիտակետում կանգնած հայ զինվորները:

Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ պաշտպանության նախարար, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշերի չափսերն են՝ 40,0 x 30,0 մմ, տպաքանակը՝ 350 ՀՀ դրամ - 40 000 հ. և 350, 1100 ՀՀ դրամ – 20 000 հ, հայտնում է «Հայփոստ» -ի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---