ՏՄՊՊՀ. Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք

ՏՄՊՊՀ.  Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) խախտումներ է հայտնաբերել խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում, ընդհանուր առմամբ 30 ընկերություններում: ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ վերջիններիս տրվել է խիստ նախազգուշացում՝ խնդիրը 5-օրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով:

«Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք, նման իրավիճակ առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում: Մասնավորապես, բոլոր դեպքերում, առանց բացառության գնապիտակների վրա նշված է եղել խտացրած կաթ անվանումը, այն դեպքում, երբ վաճառվող ապրանքը իրականում եղել է բուսական յուղից և այլ բաղադրիչներից պատրաստված մթերք, ասվում է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:

Ըստ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի, խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ կամ հալած պանիր կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը, մինչդեռ այս անվանումներով մակնշված մի շարք ապրանքների բաղադրության մեջ առկա են հավելանյութեր՝ բուսական ճարպեր և այլն:

Բացի այդ, հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է բուսական յուղերից՝ մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է:

Հանձնաժողովը սպառողներին հորդորում է վերոնշյալ ապրանքների ձեռքբերման ժամանակ լինել ուշադիր, քանի որ շուկայում առկա են վերոնշյալ ապրանքների երկու տեսակներ՝ բուսական և կենդանական ծագման, որոնք ինչպես համային, որակական, այնպես էլ գնային առումով միմյանցից էականորեն տարբերվում են: Կենդանական յուղերից կամ բացառապես մաքուր կաթից ստացված արտադրանքը մոտ 40 տոկոսով թանկ է բուսական ծագման մթերքից:

Իսկ տնտեսվարողներին Հանձնաժողովը հորդորում է այսուհետ սպառողներին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն՝ իրացվող ապրանքների վերաբերյալ:

Նիստի ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանատիպ խախտում ընկերությունների կողմից արձանագրվել է առաջին անգամ, բացի այդ բոլոր տնտեսվարողները ընդունել են խախտման փաստը և պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետներում վերացնելու այն, Հանձնաժողովը այս անգամ զերծ է մնացել ֆինանսական տուգանքի կիրառումից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---