Տոնոյան. Խոսրովի արգելոցի հրդեհն անփութության արդյունք է

Տոնոյան. Խոսրովի արգելոցի հրդեհն անփութության արդյունք է

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունացած հրդեհների պատճառած վնասների գնահատման փուլն ընթացքում է, աշխատում է ԱՄՆ փորձագիտական խումբ՝ վերականգնողական ծրագերի իրականացման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Նա հավելել է, որ գնահատման խումբը Հայաստան կժամանի նոյեմբերին, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողների հետ զրույցում էլ նախարարը կրկին հավաստիացրել է, որ Խոսրովի արգելոցի հրդեհը դիտավորության կամ չարակամության արդյունք չէ, այլ զուտ անփութության հետևանք:

Նախարարն ընդգծել է, որ ռիսկերի նվազեցման առումով ինքն ավելի շատ կկոնկրետանար հրդեհների կանխարգելման աշխատանքների վրա:

«Դուք երևի լսել եք, որ նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել որոշ պատասխանատուների: Հրդեհը միտումնավոր չի եղել, ես ինքս համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք: Հնարավոր է՝ եղել է հրդեհաշիջման ոչ արհեստավարժ մոտեցում: Դա բերել է այլ վայրերում հրդեհի բռնկման, ինչին նպաստել է նաև երեկոյան ժամերի ուժեղ քամին: Անփութություն եղել է որոշ անձանց կողմից, նրանց ոչ արհեստավարժ լինելը կհիմնավորվի նախաքննության արդյունքում»,- ասաց Դավիթ Տոնոյնաը:

Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի աշխատանքներին՝ նախարարը շեշտել է, որ հակառակ Ադրբեջանի սադրիչ հայտարարությունների՝ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն աշխատում է լիովին անվտանգ: Դա են փաստում միջազգային մի շարք կազմակերպություններ: Ադրբեջանի վերաբերմունքը Դավիթ Տոնոյանը որակել է որպես «խանդ»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարծիք ունի էկոլոգիական նորմերի խախտմամբ Մոնումենտում կառուցված առանձնատների մասին՝ ԱԻ նախարարը նշել է, որ չգիտի՝ որ պաշտոնյան (այդ թվում՝ ՀՀ վարչապետը) այնտեղ ինչ առանձնատուն ունի, սակայն շեշտել է՝ հատկապես մամուլի կողմից նմանօրինակ երևույթների նկատմամբ պետք է անհանդուրժող վերաբերմունք ձևավորվի:

«Չեմ կարծում, որ կոնկրետ ինչ-որ վայրում կա ռիսկայնություն և շինարարություն է շարունակվում: Ինչ վերաբերում է դպրոցների հարևանությամբ կառուցված բարձրահարկերին, ապա վտանգի լրացուցիչ գնահատման խնդիր կա»,- ասել է նա:

Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին՝ Դավիթ Տոնոյանը այդպիսիք չի բացառել. «Ինչպես կարող է մի ոլորտում, որտեղ ֆինանսական մեծ հոսքեր կան, կոռուպցիա չլինի: Իսկ ով է ասում, որ չկա: Ինձ ոչ մի բան չի կաշկանդում բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրների մասին: Իմ մեխանիզմների արդյունքում կառուցապատումների շատ թույատրություններ մերժվել են»:

Հրդեհը Խոսրովի արգելոցում բռնկվել էր օգոստոսի 12-ին, հիմնական օջախները մարվել են օգոստոսի 16-ին։ Մարման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ը, զինված ուժերի ստորաբաժանումներ, կամավորներ, ինչպես նաև ԻԼ-76 հրդեհաշիջող օդանավ ՌԴ-ից։Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի խոսքերով, «կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ մասը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---