Արցախի նախագահ. ԼՂ ճակատագիրը չի կարող որոշվել առանց մեր մասնակցության բանակցային բոլոր փուլերին

Արցախի նախագահ. ԼՂ ճակատագիրը չի կարող որոշվել առանց մեր մասնակցության բանակցային բոլոր փուլերին

PanARMENIAN.Net - Արցախը շարունակելու է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հրավիրված ընդլայնված խորհրդակցությանն ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ անկախությունն ու անվտանգությունը մեզ համար անձեռնմխելի արժեքներ են և հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները: Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ, հայտնում է Artsakhpress-ը:

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է Սահակյանը:

Նրա խոսքով՝ «արտաքին ասպարեզում աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է նաև Արցախի արտաքին քաղաքականության վարման տեսլականից»:

«Մեզ ի սկզբանե հաջողվել է արտաքին քաղաքականությունը կառուցել հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքներին համապատասխան, եւ ապագայում եւս դրանք անվերապահորեն ուղենիշ կհանդիսանան մեր երկրի համար: Այս համատեքստում կշարունակենք բարիդրացիական հարաբերություններ պահպանել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ տարածաշրջանային պետությունների հետ»,- ասել է Արցախի նախագահը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---