Բելառուսում կբացվի մարշալ Բաղրամյանի բրոնզե կիսանդրին

Բելառուսում կբացվի մարշալ Բաղրամյանի բրոնզե կիսանդրին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Բելառուսի Վիտեբսկի շրջանի Գոռոդոկ քաղաքում կբացվի ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին՝ զորավարի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ:

Բրոնզե կիսանդրին կտեղադրվի Բաղրամյանի անունը կրող փողոցի սկզբնամասի պուրակում, իսկ բացումը նվիրվում է Գոռոդոկի և Գոռոդոկի շրջանի ազատագրմանը ֆաշիստական օկուպացիայից: Ազատագրմանը մասնակցել են Առաջին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ:

Նախագիծն իրականացվել է հայագիտական հետազոտությունների աջակցության և զարգացման «Անիվ» հիմնադրամի կողմից, Բելառուսում ՀՀ դեսպանատան և Բելառուսի հայ համայնքի աջակցությամբ:

Դեկտեմբերի 8-ին Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում բացվել էր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդես:

Հովհաննես Բաղրամյանը Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար է, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ 1915-ին Բաղրամյանը կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան կայսրության դեմ։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918-ի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։

1941-ի հունիսին նշանակվել է ԽՍՀՄ բանակի շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում: 1942-ին առաջ է քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է Օրյոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943-ին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944-ի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։

1945-ի սկզբին նրա բանակը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։ 1955-ին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության մարշալի կոչում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---