«Արս լունգա»-ն ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ձայնագրել է մոտ 100 հայ կոմպոզիտորի ստեղծագործություն

«Արս լունգա»-ն ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ձայնագրել է մոտ 100 հայ կոմպոզիտորի ստեղծագործություն

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ հայ կամերային երաժշտության անթոլոգիա ծրագրի շրջանակներում յոթ տարվա ընթացքում «Արս լունգա» դուետի կողմից ձայնագրվել է մոտ 100 հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, գրված ինչպես դուետի, այնպես էլ տրիոյի կազմի համար՝ ամփոփված 22 ձայնասկավառակներում:

Անթոլոգիայում ներգրավված ստեղծագործություններն ընդգրկում են հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն շրջանակ, և կարևորագույն փաստերից է այն, որ կոմպոզիտորական անվանացանկում դուետի կողմից ընդգրկվում են ոչ միայն անվանի, այլ նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ում անունները երբևիցե չեն հնչել և սփյուռքահայ կոմպոզիտորներ, որոնցից շատերի անունները մինչ այդ անհայտ են եղել հասարակությանը:

2017-ին թողարկվել է երկու ձայնասկավառակ՝ ամփոփված Կարեն Անանյանի, Աշոտ Արյանի, Մադաթ Ավանեսովի, Էդուարդ Հայրապետյանի, Ալիսա Սարգսյանի, Սվետլանա Ալեքսանյանի դաշնամուրային տրիոներով` ջութակահարներ Սիրանուշ Ասատրյանի (Գերմանիա), Թերեզա Նաչարյանի, Աննա Պետրոսյանի, Մերի Մարգարյանի հետ համատեղ։

Դուետը հայ ակադեմիական երաժշտության կատարումներով հանդես է եկել Գերմանիայի Կարլսրուհե քաղաքում՝ հայ-գերմանական փառատոնի շրջանակներում և Օֆֆենբուրգի Շիլլերի անվան համերգասրահում, ինչպես նաև մի շարք համերգային ծրագրերի է մասնակցել Երևանում:

ՙՆախագծի կարևորությունը կայանում է նրանում, որ արդյունքում բացահայտվում են կոմպոզիտորական նոր անուններ, ստեղծվում նորագույն երաժշտություն ու վերակենդանացվում վաղուց մոռացված նոտաներն ուստեղծագործությունները: Այս ամենը մեծ ոգևորությամբ ընդունվում է արվեստասեր հասարակության կողմից՝ աշխարհի տարբեր ծայրերում: Հայ երաժշտության պատմության մեջ այս ծրագիրն իր ձևով և բովանդակությամբ միակն է և իրագործելի է դարձել հայ արվեստի զարգացմանը, պահպանմանն ու հավերժացման գործին ուղղված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եռանդուն ու երկարաժամկետ ներդրման շնորհիվ՚,-ասել է «Արս լունգա» դուետի նախագահ Արամ Թալալյանը:

«Դասական երաժշտության ոլորտում նոր երևույթի, նոր անունների բացահայտումը չափազանց կարևոր է: Նորն ու նորարարությունը երբեք հեշտ ու արագ չեն ձևավորվում. դրանց համար ժամանակ է պետք, ստեղծագործ աշխատանք ու մեծ նվիրում: Սակայն, մեծ արվեստի դեպքում այդ ամենը դեռևս բավարար չէ, քանի որ նորը կյանքի կոչելու և հասարակությանն այն հասանելի դարձնելու համար նաև անհրաժեշտ է հետևողական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ երաժշտարվեստի ավանդույթների պահպանությունն ու դրանց հետևողական զարգացումը հավասարապես կարևոր են ազգային ամուր ինքնության համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում նաև նկարահանվել են հեռուստաֆիլմեր, որոնցում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ դուետի կատարմամբ, ինչպես նաև անմիջականորեն դուետի համար գրված (հեղինակված) աշխատանքների համերգային կատարումները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---