Երևանում և մարզերում անգլերենի ակումբներ են ձևավորվել 9-16 տարեկանների համար![]() 16 փետրվարի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբների ձևավորման ծրագիրը, որն իրականացվում էր ՀՀ կառավարության հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների զարգացման համատեքստում Բրիտանական խորհրդի կողմից: Ծրագիրն իրականացվել է Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ տարբեր համայնքներում ընտրված թվով 6 դպրոցում բացվել են անգլերեն լեզվի պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների համար: Ընդհանուր առմամբ կահավորվել է անգլերենի ուսուցման 10 դասարան՝ ապահովված ժամանակակից կրթական միջավայրով: Նորաբաց անգլերենի խմբակներում ընդգրկված է 800 երեխա՝ յուրաքանչյուր խմբում առավելագույնը 20 սովորող, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը: Ծրագրի շրջանակում դպրոցների անգլերենի ուսուցիչները մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսեր են անցել Բրիտանական խորհրդում, ինչպես նաև հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում: Միաժամանակ ստեղծվել է մենթոր ուսուցիչների աշխատանքային խումբ, որոնք նպատակ ունեն քննարկել դասավանդման մեթոդների, նյութերի ընտրության և անգլերենի արտադասարանական կրթական ծրագրին առնչվող հարցեր՝ հետագայում փորձի տարածումն ապահովելու նպատակով: Ծրագրում ընդգրկված վերջին դպրոցը, որտեղ տեղի է ունեցել անգլերենի ակումբի բացման հանդիսավոր արարողություն, Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցն էր: Ծրագրում ընդգրկված դպրոցներից 4-ում՝ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 , Աշտարակի Սմբատ Շահազիզի թիվ 2, Արարատի թիվ 3 և Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցներում հիմնադրվել են երկուական, իսկ Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 և Վանաձորի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոցներում կահավորվել են մեկական անգլերենի ուսուցման կաբինետներ, որոնք ապահովված են անգլալեզու գրականությամբ, էլեկտրոնային ռեսուրսներով, սմարթ գրատախտակներով և նոր կահավորմամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |