Պոլսահայերը պատրիարքի ընտրության անցկացման համար ստորագրահավաք են սկսել

Պոլսահայերը պատրիարքի ընտրության անցկացման համար ստորագրահավաք են սկսել

PanARMENIAN.Net - Պոլսահայ մտավորական Սևան Դեյիրմենջյանը Change.org կայքում Պոլսի հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու համար ստորագրահավաք է սկսել:

«Պատրիարքի ընտրություն առանց հապաղումի» վերնագրով ստորագրահավաքը սկսվել է օրեր առաջ պոլսահայ մտավորականների՝ հայ համայնքին ուղղված բաց նամակի հիման վրա: Նամակը, որը ստորագրել է 72 մտավորական, հայ համայնքին կոչ էր անում լինել պահանջատեր, իսկ համայնքային հաստատությունների ղեկավարներին՝ հրաժարվել կրավորական կեցվածքից, գրում է Ermenihaber-ը:

«Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ տրվի փոխանորդի կողմից պատրիարքական աթոռի կառավարմանը, և թափուր գահը հանրային քվեարկության արդյունքում գտնի հեղինակավոր ու արժանավոր գահակալի՝ ըստ մեր ավանդությունների և մեր քաղաքացիական իրավունքի։Կոչ ենք անում Թուրքիայի հայ համայնքի բոլոր անդամներին ու հաստատություններին բոլոր հարթակներում օգտագործեն ամեն միջոց, բողոքեն ու մերժեն այս իրողությունը»,-ասվում է նամակում:

Հոգևորականներին, ի դեմս Կրոնական ժողովի, նամակը հիշեցնում է հանրության առջև իրենց ունեցած պատասխանատվության մասին՝ կոչ անելով հարգել իրենց իսկ խոստումը։

Համայնքային հաստատությունների ղեկավարներին կոչ է արվում հրաժարվել կրավորական կեցվածքից, որը հակասում է իրենց ընտրյալ ներկայացուցիչներ լինելու հանգամանքին և, պատասխանատվություն ստանձնելով, լինեն նախաձեռնող։

«Վստահ ենք, որ քաղաքացիական հակազդեցություններն ու պահանջները պիտի նկատի առնվեն այն պետական պաշտոնյաների կողմից, որոնք քաղաքացիների հանդեպ ուշադիր: Հանրային խաղաղությունը պիտի հաստատվի միայն այն ժամանակ, երբ արդարորեն իրականանա պատրիարքական ընտրությունը, որը արդարության և իրավունքի պահանջն է։ Լռությունը, որ բխում է համակերպվելուց և հնազանդությունից ոչ թէ խաղաղություն է, այլ՝ հալածանք»,-նշված է նամակում:

Խնդրագիրն արդեն ստորագրել է 1283 մարդ:

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Մայր Աթոռն ակնկալում է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին։

Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---