Brussels Airlines-ը կարող է վերսկսել դեպի Երևան թռիչքները

Brussels Airlines-ը կարող է վերսկսել դեպի Երևան թռիչքները

PanARMENIAN.Net - Բրյուսել-Երևան-Բրյուսել չվերթը կարող է վերականգնվել: Այդ հարցը քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի և Brussels Airlines բելգիական ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի հանդիպման ժամանակ:

Կարպենտյերը տեղեկացրել է, որ Brussels Airlinesավիաընկերությունը լրջորեն քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:

Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել ավիաընկերությանը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն չվերթների կազմակերպման հարցում՝ նշելով, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթների բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընլայնման համար, հայտնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, ով ևս իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթների կազմակերպման հարցում:

Գլխավոր վարչությունը կազմակերպել է նաև ավիաընկերության պատվիրակության հանդիպումները բոլոր շահագրգիռ կողմերի և ծառայությունների հետ՝ տեխնիկական հարցերի քննարկման նպատակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---