Հայկական անիմացիայի 80-ամյակի խորհուրդ է ստեղծվել

Հայկական անիմացիայի 80-ամյակի խորհուրդ է ստեղծվել

PanARMENIAN.Net - 2018-ին լրանում է հայկական անիմացիայի 80-ամյակը։ 1938 թվականին խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկը՝ ռեժիսոր Լև Ատամանովը, Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության հիման վրա «Երևան» կինոստուդիայում նկարեց համանուն 10-րոպեանոց մուլտֆիլմը, որով սկիզբ դրեց հայկական անիմացիայի պատմությանը։

Այս կարևոր առիթը նշանավորելու, իսկ հետագայում հայկական անիմացիան ներկայացնելու, տարածելու և զարգացնելու նպատակով ստեղծվել է Հայկական անիմացիայի 80-ամյակի խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկվել են հետևյալ անիմատորները, անիմացիոն նկարիչներն ու ռեժիսորները՝ Անդրանիկ Թորոսյան, Արթուր Ղուկասյան, Գայանե Մարտիրոսյան, Դավիթ Սահակյանց, Նաիրա Մուրադյան,Եվգենիա Պոդպոմոգովա, Միրտադ Գազազյան, Վահե Սարգսյան, Վրեժ Քասունի:

Խորհուրդն առաջին հերթին կզբաղվի 2018-ին հայկական անիմացիայի 80-ամյա հոբելյանը տոնելու և լավագույն հայկական անիմացիոն ֆիլմերը ներկայացնելու միջոցառումների նախաձեռնությամբ։ Միջոցառումների ծրագիրն ու մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում, հայտնում է «ՌեԱնիմանիա» Երևանի Միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի մամուլի ծառայությունը:

Առաջիկայում խորհրդի կազմում կընդգրկվեն նաև ներկայացուցիչներ ՀՀ մշակույթի նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից՝ աջակցելու և օժանդակելու խորհրդի աշխատանքներին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---