Փարիզում Զապել Եսայանի անվան ծառուղին է բացվել

Փարիզում Զապել Եսայանի անվան ծառուղին է բացվել

PanARMENIAN.Net - Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում բացվել է Զապել Եսայանի անվան ծառուղին։

Այս մասին է հայտնել թվիթերյան իր հաշվում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ տեղադրելով համապատասխան լուսանկար։

Ֆեմինիստական շարժման ակտիվիստ ու գրող Զապել Եսայանը (1878-1943) XIX-XX դարասկզբի հայ մտավորականության ամենաականավոր ներկայացուցիչներից էր: Նրա բազմաթիվ պատմվածքները, էսսեները, վեպերն ու ճամփորդական նոթերը արտացոլում են աղետալի իրադարձությունները, որ տեղի էին ունենում Թուրքիայի հայերի կյանքում, և մեծ տարածում էին ստացել: Իսկ այսօր դրանք գրեթե մոռացված են:

Զապել Եսայանը (Հովհաննիսյան) ավարտել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895-ին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։ Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905,«Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։

Եսայանը 1908-ին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։

1915-ին խույս տալով ձեռբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, Եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։

1918-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։

1926-ին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»): Նա ստալինյան հետապնդումների զոհ դարձավ, աքսորվեց 1937 թ. և մահացավ անհայտ հանգամանքներում, հավանաբար 1943-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---