Բեռլինում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը. ՀՀ նախագահը առաջին քայլը կկատարի10 մարտի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որն ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Մրցաշարի բացման կապակցությամբ նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաև Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը:Միջոցառման ավարտին ներկայացվել են մրցաշարի ութ աշխարհահռչակ մասնակիցները: «Ես հպարտ եմ, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը: Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը »,-ասել է նախագահը: Նա հավելել է, որ շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն՝ այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: «Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում: Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում»,-ասել է Սարգսյանը: Նախագահը նշել է, որ այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է՝ հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: «Այստեղ առաջին և երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի իր պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարում մասնակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար և խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք և կյանքի նպատակ է այս 8 ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատև և համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր: Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»,-ասել է նախագահը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Բեռլինում մարտի 10-28-ը կայանալում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Բեռլինյան մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` ս.թ. նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |