1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԷՐ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆ, ՊՆԴՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՊԱՆԸ

PanARMENIAN.Net - 1993թ. Թուրքիան ծրագրում էր ներխուժել Հայաստան եւ Վրաստան: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել իր հիշողությունների գրքում Կանադայում Հունաստանի դեսպան Լեոնիդաս Խրիզանտոպուլոսը, որը 1993-94 թթ. զբաղեցրել է Հայաստանում Հունաստանի դեսպանի պաշտոնը: Օրերս ԱՄՆ-ում լույս տեսած «Կովկասյան ժամանակագրություն. պետության ստեղծումը եւ դիվանագիտությունը Հայաստանում, 1993-1994» անվանումով գրքում Խրիզանտոպուլոսը գրում է, որ 1993թ. հոկտեմբերին, երբ Մոսկվայում ՌԴ նախագահ Բորիս Ելցինի եւ երկրի խորհրդարանի միջեւ լարվածությունը գագաթնակետին էր հասել, Ռուսաստանի Գերագույն Խորհրդի խոսնակ Ռուսլան Խասբուլաթովը մի շարք գաղտնի համաձայնություններ էր ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ: Ըստ այդ համաձայնությունների, Ելցենի հանդեպ իր հաղթանակի դեպքում Խասբուլաթովը խոստանում էր դուրս բերել ռուս սահմանապահներին Կովկասից: «Նա նաեւ թույլ կտար Թուրքիային սահմանափակ ներխուժում իրականացնել Հայաստան` քրդական հարցի լուծման պատրվակով եւ Վրաստան` Աբխազիայի անվտանգությունն ապահովելու համար», - գրում է Հունաստանի դեսպանը: Պատմելով այս դրվագի մասին, Խրիզանտոպուլոսը վկայակոչում է հետախուզական տվյալները, որոնք իրեն էր փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը եւ որոնք հաստատել էր Երեւանում ԱՄՆ դեսպան Հարրի Գիլմորը: Հույն դիվանագետի խոսքերով` Հայաստանի ղեկավարությունը տեղեկացված էր հնարավոր սադրանքի մասին, եւ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը զորքերը բերել էր բարձր մարտական պատրաստականության:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---