Վարդան Օսկանյան. Մենք շուտով հնարավորություն կունենանք պարզելու Ադրբեջանի իրական մտադրությունները

PanARMENIAN.Net - «Մենք շուտով հնարավորություն կունենանք պարզելու Ադրբեջանի իրական մտադրությունները: Հավանականություն կա, որ Բուխարեստում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Մենք մեր մասնակցության պատրաստակամությունն արդեն հայտնել ենք, գիտեմ, որ համանախագահները նույնպես այդպիսի առաջարկ կանեն, եւ գիտեմ նաեւ, որ ադրբեջանցիները նույնպես ակնարկել են, որ պատրաստ են շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը: Առաջին իսկ հանդիպման ընթացքում այս հարցը կպարզաբանվիի: Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հարցադրում է արել նախագահ Ալիեւին. եթե Դուք իրոք հավատում եք այս բանաձեւի բովանդակությանը եւ դա պետք է լինի Ձեր ուղենիշը, ապա մենք խոսելու ոչինչ չունենք եւ անտեղի ժամանակ ենք վատնում: Սակայն եթե Դուք դեռեւս հանձնառու եք այսօր սեղանին դրված բանակցային փաստաթղթին, ապա եկեք լրջանանք եւ ավարտին հասցնենք այն:



Իրականում ՄԱԿ-ի բանաձեւի բնագիրը եւ բանակցային փաստաթղթի բովանդակությունը անհամատեղելի են: Միջազգային հանրության մեծ մասը սրա մասին տեղյակ էր, սա էր պատճառը, որ նրանք չպաշտպանեցին այս բանաձեւը: Միջազգային հանրությունը նաեւ անհանգստացած էր վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի լուրջ խախտման փաստերով: Այս երկու հանգամանքները միջազգային հանրությանը ստիպեցին մտածել, արդյոք Ադրբեջանը լրջորեն հանձնառու է խաղաղությանը, թէ՞ ոչ: Մենք լուրջ ենք տրամադրված: Մենք կանենք այն, ինչ պետք է անենք, անհրաժեշտության դեպքում կորդեգրենք նոր քաղաքականություն` Ղարաբաղի ինքնորոշման եւ անվտանգության ապահովման նպատակով»,- ասել է Օսկանյանը «Ազդակ» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---