ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրթիռակոծել են Սիրիան![]() 14 ապրիլի 2018 - 10:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի, Մեծ Բրիտնիայի և Ֆրանսիայի զինված ուժերը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակարգի՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման: Կոալիցիոն ուժերը ավիահարվածներն են հասցրել երկրի կառավարական ուժերի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ առնչվող երեք հենակետի: Այս մասին հայտնում է CNN-ը: ԱՄՆ-ն կիրառել է Tomahawk տիպի հրթիռներ՝ իր դաշնակիցների հետ հասցնելով ավելի քան 100 ավիահարված: Գործողությունը տևել է մոտ մեկ ժամ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ մոտ ժամանակում նոր ավիահարվածներ չեն պլանավորում: Al Jazeera-ի փոխանցմամբ, Սիրիայի կառավարական աղբյուրները հայտնել են, որ արձակվել է մոտ 30 հրթիռ, որոնց մեկ երրորդը ոչնչացվել է սիրիական օդուժի կողմից: Իսկ ռուսաստանյան Sputnik-ի փոխանցմամբ, սիրիական օդուժը չեզոքացրել է 20 հրթիռ: ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Դամասկոսից ոչ հեռու գտնվող Դումայր ռազմական օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 12 թևավոր հրթիռ, որոնք բոլորը ոչնչացվել են: ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից ուղերձ է հղել ամերիկայի ժողովրդին՝ հայտարարելով, որ հրամայել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հետ համատեղ գործողություն սկսել Սիրիայում: Ուղերձով հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ասելով, որ համտեղ ռազմական գործողությունը բխում է երկրի շահերից: Նա նաև ասել է, որ այս ավիահարվածների նպատակը Սիրիայում վարչակարգի տապալումը չէ, այլ քիմիական զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերի ամրագրումն է: Ավիահարվածներին իր մասնակացությունը հաստատել է նաև Ֆրանսիան: Արևմուտքի ավիահարվածները Սիրիայում քննադատել է Իրանը: Երկրի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումը վատ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար, և որ Արևմուտքը նախաձեռնել է հարձակումը Սիրիայում ահաբեկիչների պարտության պատճառով: Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների, ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |