Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, ավելի ուշ նաև հեռախոսազրույց ունեցել

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, ավելի ուշ նաև հեռախոսազրույց ունեցել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելու և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև լայն աջակցությունը բարեփոխումների քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը»:

«Վստահ եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը:

Իմ կողմից կցանկանայի վերահաստատել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը:Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»,-ասվում է շնորհավորական ուղերձում, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Ավելի ուշ վարչապետ Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---