Կարապետյան. Աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված

Կարապետյան. Աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված

PanARMENIAN.Net - Ցեղասպանությունը փոխեց հայ ժողովրդի ճակատագիրը և ստիպեց բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ տեսնել հետագայում՝ մենք, սակայն, մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք և մեր մեջ ուժ գտանք վերածնվելու, անկախ պետություն ստեղծելու և ինքնուրույն տնօրինելու մեր ճակատագիրը: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի բոլոր հատվածների համար:

Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում: Երեկ ես կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել այս օրը: Ես շնորհակալ եմ, որ այդ կոչն ընդունվեց, և այսօր մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած առկա դժվարություններին ու չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված: Սա մեր պարտք է նաև անմեղ նահատակների առջև»,-ասված է ուղերձում:

Կարապետյանը նշել է, որ հայ ժողովուրդը վերահաստատում է իր վճռականությունը՝ կերտելու ամուր պետականություն, ազատ ու քաղաքակիրթ հասարակություն: «Մեզ ոչինչ չի կարող շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից»,-ասվում է ուղերձում։

Սերժ Սարգսյանը ժոովրդական ընդվզման 11-րդ օրը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից: Կարեն Կարապետյանի առաջարկով ապրիլի 24-ը հայտարարվել է ապաքաղաքական օր:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---