Քաթարի և Չինաստանի գործարարները հետաքրքրված են ՀՀ էներգետիկ ոլորտով 7 մայիսի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Քաթարի և Չինաստանի գործարարները հետաքրքրված են ՀՀ էներգետիկ ոլորտով: Այդ մասին հայտնել են Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարներ, Redco International W.L.L. ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սաիֆ-Ուր-Ռեհման Խանը և PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը: Աշոտ Մանուկյանը կարևորել է գործարարների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ կա արդյունավետ փոխգործակցություն։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է մինչև 2036թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը և համագործակցության զարգացման համատեքստում անդրադարձել, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումային գրավչություն ունեցող նախագծերին։ Ընդգծելով, որ այդ նախագծերի առաջնային նպատակն արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելացումն է՝ Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել «Երևանի ՋէԿ»-ի 2 էներգաբլոկի, «Շնող», «Մեղրի» հիդրոէլեկտրակայանների, «Լոռի-Բերդ» ՀԷԿ-երի համալիրի կառուցման ծրագրերի վերաբերյալ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սոն Դոնշենին Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, խոսել ընկերության առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության հնարավորությունները: Նա ընդգծել է, որ աշխարհի ավելի քան 100 երկրում PowerChina ընկերությունը գործունեություն է ծավալում նաև էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ մասնագիտացած է հիդրոկայանների, արևային և ջերմային կայանների կառուցման գործում: Դոնշենին նշել է, որ շահագրգռված են ՀՀ էներգետիկ ոլորտում համագործակցությամբ՝ հաշվի առնելով երկրի ճկուն ներդրումային միջավայրը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերազինման և արդիականացման արդյունքում արտադրական կարողությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ընթացքի մեջ է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, և ակնկալվում է, որ դրա շնորհիվ զգալիորեն կավելանա Հայաստանից դեպի Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Աշոտ Մանուկյանը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի միջև։ Գործարարները շնորհակալություն են հայտնել նախարարի պաշտոնակատարին՝ ոլորտի զարգացման առաջնահերթությունները հանգամանալի ներկայացնելու համար և համագործակցության պատրաստակամություն հայտնել, հայտնում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |