Փաշինյան․ Պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ալիևի հետ, բայց Արցախի անունից պիտի խոսի ԼՂ նախագահը

Փաշինյան․ Պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ալիևի հետ, բայց Արցախի անունից պիտի խոսի ԼՂ նախագահը

PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում է առաջարկում։ Նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Այդ մասին ՀՀ վարչապետն ասել է Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ։

Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցում անհրաժեշտ է սփյուռքի ներգրավումը։

«Հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն ու դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում։ Կառավարությունը հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է ԼՂ հակամարտության կարգավորման համար՝ ելնելով Արցախի ժողովրդի շահերից», – ընդգծել է Փաշինյանը։

Իր հերթին Արցախի նախագահ Սահակյանը նշել է, որ արցախցիները բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել Հայաստանի ու սփյուռքի աջակցության շնորհիվ։

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետն ավելի վաղ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ ծառայողական խորհրդակցություն է անցել:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետության ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին ամսվա իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---