Ամասիայում բրդի վերամշակման գործարան կբացվի. 23 աշխատատեղ կստեղծվի

Ամասիայում  բրդի վերամշակման գործարան կբացվի.  23 աշխատատեղ կստեղծվի

PanARMENIAN.Net - Ամասիա համայնքում բրդի վերամշակման գործարան կբացվի: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կվերականգնվի ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները և կզարգանա ոչխարաբուծությունն իր ամբողջ արժեշղթայով:

«Մենք խորհրդային տարիներին ունեցել ենք մինչև 2.2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, և եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերենք, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը։

Գործարանում շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները, այն նախատեսվում է բացել մինչև աշնան սկիզբ: Կստեղծվի 23 աշխատատեղ, հետագայում աշխատողների քանակը կավելանա:

Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ (ՄԿՄ) Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և ՎԻՆՆԵԹ Հայաստանի հետ համատեղ։ Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների կողմից ներկայացված 14 լավագույն բիզնես առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 44 նոր աշխատատեղ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---