ՊԵԿ նախագահ. Հանրությունը պետք է գիտակցի, որ էժան ապրանքը գնել է հարկեր չվճարելու հաշվին 1 հունիսի 2018 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հանրությունը պետք է գիտակցի, որ էժան ապրանքը գնել է պետությանը հարկեր չվճարելու հաշվին: Այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով գյուղմթերք վաճառող ԱՁ-ներին ԱԱՀ դաշտ տեղափոխելու որոշմանը և դրա արդյունքում գյուղմթերքի ու մսամթերքի գների բարձրացման հարցին: Երևանի որոշ խանութներում տավարի միսը թանկացել է ավելի քան 600 դրամով՝ կազմելով 3660 դրամ: 2018 թվականի առաջին եռամսյակում տավարի մսի մեկ կիլոգրամը կազմել է 3016 դրամ: Առևտրի խոշոր ցանցերից մեկում գրություն էր փակցված, համաձայն որի, մսի թանկացումը պայմանավորված է այսուհետ պետական բյուջե վճարվելիք մսի և բանջարեղենի ավելացված արժեքի հարկով: ՊԵԿ նախագահը նշել է, որ ՊԵԿ-ը գնագոյացման, գների զսպման հետ կապված գործառույթներ չի իրականացնում, հայտնում է Yerkir.am-ը: Նա նույնպես լսել է գնաճի վերաբերյալ գնահատականներ, քանի որ եթե նախկինում կառավարության հետ պայմանավորվածություններ են եղել` հարկերը թաքցնելու, դրա փոխարեն գյուղմթերքի գնաճը զսպելու նպատակով, հիմա այդ պայմանավորվածությունները չեղարկվում են, ուրեմն կլինի գների աճ: «Մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, ինչը նշանակում է, որ գյուղմթերքի և մսամթերքի պարագայում, անցնելով ԱԱՀ դաշտ, պետք է վճարվեն բոլոր հարկերը` ամբողջ ծավալով: Եվ եթե այդ հարկերի վճարման շրջանակներում 50-60 տոկոս գնաճ կլինի, ուրեմն դրանք շուկայական հարաբերություններին ենք վերագրում: Դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի մրցունակ կլինեն շրջանառության հարկի ներքո գործելու դեպքում»,- ասել է Դավիթ Անանյանը: Նա լրագրողների ուշադրությունը բևեռել է մի կարևոր հանգամանքի վրա` ժամանակին սուպերմարկետները մտածել են, որ պետք է մրցակցեն իրենց հարևանությամբ գործող փոքր ու միջին ձեռնարկությունների հետ` արհամարհելով մասշտաբի էֆեկտը: ՊԵԿ նախագահի համոզոմամբ` այդպես չպետք է լինի: «Մենք` որպես ՊԵԿ, մտածում ենք, որ եթե գները բարձրանան, մենք ուսումնասիրություններ կանենք` համոզվելու համար, արդարացված ու արժանահավա՞տ է գների բարձրացումը, թե ոչ: Եթե մենք աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում, և դա կառաջացնի խնդիրներ, չի նպաստի տնտեսության զարգացմանը, կխթանի աշխատողներին չգրանցելու արատավոր պրակտիկան, ապա օրենքը վերանայելու անհրաժեշտություն կառաջանա: ՊԵԿ-ը կհամագործակցի ֆինանսների նախարարության հետ` օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու համար: Սակայն, քանի դեռ օրենքը գործում է, լավն է այն, թե` վատը, պետք է գործենք այդ օրենքի շրջանակներում»,- ասել է Անանյանը: ՊԵԿ նախագահի համոզմունքն է, որ հարկ վճարողները պետք է գործեն օրենսդրական դաշտում ամբողջ ծավալով, նրանց հետ այլևս չեն կարող լինել ստվերային բանակցություններ: Նախկինում համաձայնություններ են եղել ՊԵԿ-ի ու որոշ գործարարների միջև, և այդ համաձայնությունները հավանության են արժանացել ավելի բարձր շրջանակներում` մինչև վարչապետ: «Ես չեմ կարող գործարարի կամ ՊԵԿ պաշտոնյայի անուն հնչեցնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել այդ մարդկանց հետ: Բայց եթե համաձայնությունները եղել են ապօրինի երկու կողմերի համար էլ, ապա, այո, պետք է պատժվեն երկու կողմերն էլ: Միաժամանակ չեմ կասկածում ՀՀԿ-ի ազնվությանը, որ այդ քայլին գնացել են գյուղմթերքի գների աճը զսպելու և գյուղացիների դժգոհությունը մեղմելու համար, բայց ես հիմա դավանում եմ այլ արժեքներ ու սկզբունքներ` լինելով ՊԵԿ նախագահ: Նույնիսկ այն, ինչ կատարվել է ազնիվ մղումներով, ինձ համար ընդունելի չէ, որովհետև դա չի բխում օրենքից»,- ասել է Անանյանը: ՊԵԿ նախագահը պնդում է` հարկային օրենսգիրքը պետք է կիրառվի Ավետարանի սկզբունքով` լավն է այն, թե` ոչ, և եթե կիրառման արդյունքում պարզ դառնա, որ օրենսգիրքը փոփոխման կարիք ունի, ապա այդ փոփոխությունները պետք է նախ ներկայացնեն հանրային լայն քննարկման և հավանության, դա է ՊԵԿ-ի տեսլականը: «Եթե պարզ դառնա, որ գների բարձրացումը պայմանավորված է շուկայական հարաբերությունների թելադրանքով, ուրեմն պետք է ֆիքսել, որ նախկինում գների աճի զսպումը կատարվել է թաքցրած հարկերի հաշվին, և հանրությունը պետք է գիտակցի, որ ինքը էժան ապրանքը գնել է պետությանը հարկեր չվճարելու հաշվին: Ուստի դժգոհությունը պետք է լինի ոչ թե ՊԵԿ-ից, այլ հարկային համակարգից, օրենսդրությունից»,- ասել է Անանյանը: Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունը խուսափել է ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար: Նույն սխեմայով է աշխատել նաև ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |