ՍՊԸ-ն դիմում է վարչապետին՝ Թումո-ի կողմից իր «մտավոր սեփականության իրավունքի խախտման և գործադրվող ճնշումների» խնդրով26 հունիսի 2018 - 16:56 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականից դիզայնով, անիմացիայով, ֆիլմարտադրությամբ և լուսանկարչությամբ զբաղվող «Թումո դիզայն» ընկերության համահիմնադիրներ Արմեն և Վիգեն Թումանյանները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2011-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծած Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից «մտավոր սեփականության իրավունքի խախտման և ընկերության նկատմամբ գործադրվող ճնշումների վրա» կառավարության ղեկավարի ուշադրությունը գրավելու համար: Նրանց նամակում ասվում է, որ ժառանգելով «Թումո» անունն իրենց պապերից՝ Թումանյաններից, այն սկսել են գործածել դեռ 2002-ին, որպես իրենց ստեղծագործական աշխատանքների տարբերանշան՝ հույսով, որ հետագայում այն կավանդեն նաև իրենց ժառանգ Թումանյաններին: «Թումո» անվանումով ճանաչելի ենք դարձրել մեր արտադրանքը, ինչը հանրությանն ավելի հասանելի ներկայացնելու նպատակով 2005-ին գրանցել ենք tumo.am կայքը: Ժամանակի ընթացքում ձևավորել ենք ստեղծագործական թիմ և 2008-ին հիմնել «Թումո դիզայն» ՍՊԸ-ն (գրանցման համարը՝ 264.110.08359): Որոշելով ձևակերպել «Թումո» անվանումը գործածելու մեր իրավունքը՝ 2011-ին դիմել ենք Մտավոր սեփականության գործակալություն։ Վերջինս, օրենքով սահմանված կարգով անցկացնելով անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները, կատարել է «ԹՈՒՄՈ» և «TUMO» ապրանքային նշանների գրանցումը (Մտավոր սեփականության գործակալության վկայականներ N17937, N17938):», - ասվում է բաց նամակում: Դրա համաձայն նաև, այդ գործընթացից հետո Թումանյանները տեղեկացել են, որ Սիմոնյան կրթական հիմնադրամը (որը հիմնադրել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը) փորձել է գրանցել նման ապրանքային նշանն այն ոլորտներում, որտեղ գրանցված է «Թումո դիզայն» և, Մտավոր սեփականության գործակալության կողմից մերժում ստանալով, դատի է տվել վերջինիս: Հայցի պահանջն էր՝ անվավեր ճանաչել «ԹՈՒՄՈ» և «TUMO» ապրանքային նշանների նկատմամբ «Թումո դիզայն» ՍՊԸ-ի իրավունքների գրանցումը և այն գրանցել որպես Սիմոնյան կրթական հիմնադրամի իրավունք: «2012-ից, օգտագործելով իշխանության ամենաբարձր օղակների դրական վերաբերմունքը և դատական տարբեր ատյաններում բարձրաձայնելով իշխանությունների օժանդակության մասին, հիմնադրամը ճնշում է գործադրում ոչ միայն դատական համակարգի, այլև պետական կառույցների վրա: Մասնավորապես, դատական գործընթացն արհեստականորեն ձգձգում է, Սիմոնյան կրթական հիմնադրամը շարունակաբար գործածում է ԹՈՒՄՈ ապրանքային նշանը որպես իր ծառայությունների տարբերակիչ: Իսկ 2014-ին Մտավոր սեփականության գործակալությունը գրանցեց նախկինում մերժված ապրանքային նշանը Սիմոնյան կրթական հիմնադրամի անունով, ինչի պատճառով դատական ևս մեկ գործընթաց սկսվեց», - նշվում է նամակում: Թումանյանների խոսքով՝ նման իրավիճակը շահերի բախման պատճառ է դարձել, ինչն ազդում է իրենց տնտեսական գործունեության վրա: «Արդեն տևական ժամանակ է, ինչ կորցրել ենք վստահությունը արդարադատության հանդեպ և, ենթադրելով, որ ի վերջո վճիռը մեր դեմ կլինի՝ ստիպված մեր հույսը կապում ենք եվրոպական դատական ատյանների հետ»,- նշվում է նամակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրանք հղելով, նոր Հայաստանի անկախ դատական համակարգն «ազատ պահել իշխանությունների ճնշումներից և երաշխավորել օրենքի տառին համապատասխան որոշումների կայացումը և համահավասար իրավունքների պաշտպանությունը ցանկացած բիզնեսի համար»: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին: Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |