ԵԽ-ն ու ԵԱՀԿ-ն ողջունում են հանրահավաքների մասին նոր օրենքը բարեփոխելու կապակցությամբ Հայաստանի իշխանությունների համաձայնությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը) եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն այսօր ողջունեցին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ վերջերս փոփոխված հանրահավաքների մասին օրենքը բարեփոխելու կապակցությամբ ձեռք բերված համաձայնությունը, հաղորդում է ԵԽ-ի երեւանյան գրասենյակը: «Այս համաձայնագիրը դիտարկում ենք, որպես Հայաստանի իշխանությունների եւ ԺՀՄԻԳ-ի ու Վենետիկի հանձնաժողովի միջեւ հանրահավաքների օրենսդրական կարգավորման գործում երկարատեւ համագործակցության եւս մեկ քայլ», - ասել է ԺՀՄԻԳ տնօրեն, դեսպան Քրիսթիան Շթրոհալը:



«Վենետիկի հանձնաժողովն ու ԺՀՄԻԳ-ն ակնկալում են ստանալ նոր փոփոխությունների նախագծերը եւ պատրաստ են քննարկել դրանք համապատասխան միջազգային չափանիշների լույսի ներքո», - ավելացրել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքիոն:



Հիշեցնենք, որ մարտի 28-ին հրապարակված իրավական կարծիքում ԺՀՄԻԳ-ն ու Վենետիկի հանձնաժողովը լուրջ մտահոգություններ հայտնեցին մարտի 1-2-ի բռնություններից անմիջապես հետո Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:



Ապրիլի 15-ից 16-ը Երեւան այցի ժամանակ ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, նախագահի խորհրդական Գեւորգ Մհերյանի հետ:



Համաձայնություն ձեռք բերվեց վերացնել կամ բարեփոխել խաղաղ հավաքները, հակտապես ինքնաբուխ հավաքները, սահմանափակելու համար ներմուծված փոփոխությունները: Այս բարեփոխումները օրենքը կմոտեցնեն իր սկզբնական բովանդակությանը, որը դրական էր գնահատվել ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Ըստ ձեռք բերված համաձայնության, նոր փոփոխությունները կմշակվեն եւ կներկայացվեն ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի ուսումնասիրությանը: ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն առաջարկեցին, որ բավականաչափ ժամանակ տրամադրվի փոփոխությունների հանրային քննարկումների համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---