Տուբդիսպանսերում խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել

Տուբդիսպանսերում խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մասնավորապես հասարակական կազմակերպության հետ կնքվել է 67 մլն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՀԿ-ն մատուցել է 2 տեսակի ծառայություն: Սկսած 2017թ. մայիս ամսից նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի էժան գներով. առաջին տեսակի ծառայությունը` 4 անգամ, իսկ երկրորդ տեսակի ծառայությունը` 7 անգամ պակաս արժեքով: Այդպիսի բարձր գներով ծառայություններ մատուցած կազմակերպությունը, ըստ նախնական տեղեկատվության, ունեցել է կապ ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ (ՀԿ-ի գրանցման հասցեն ըստ նախնական տեղեկությունների համընկնում է նախկին տնօրենի տեղակալի գրանցման հասցեի հետ):

Բացահայտվել են մի շարք աշխատակիցներ, որոնք գրանցված են եղել ՊՈԱԿ-ում, սակայն փաստացի չեն աշխատել այնտեղ: Վերոհիշյալ աշխատակիցներին վճարվել է մոտ 30 մլն դրամ աշխատավարձ:

Նյութերը ուղարկվել են ոստիկանություն հետագա ընթացք տալու համար։

«Առողջապահության նախարարությունը նմանատիպ ուսումնասիրություններ է կատարելու է իր ենթակա բոլոր կազմակերպություններում»,-ասվում է նախարարի գրառման մեջ, որը հետգրությամբ հավելել է, որ դա այն բուժհիմնարկն է, որտեղ ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքում բարձրացվել էր բժիշկների աշխատավարձը։

Հուլիսի 1-ից Տուբդիսպանսերի բժիշկների աշխատավարձը բարձրացել է 25-30%-ով։Արդյունքում բժիշկների աշխատավարձը 130.000 դրամից կդառնա 175.000 դրամ, բաժանմունքի վարիչներինը՝ 170.000 դրամից կբարձրանա մինչև 220.000 դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---