Սողոմոնյան. Քոչարյանին կալանավորելն ապօրինի է

Սողոմոնյան. Քոչարյանին կալանավորելն  ապօրինի է

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, լրագրողների հետ հանդիպմանը, Մարտի 1-ի գործով Քոչարյանի կալանավորման որոշումը համարել է ապօրինի: Նա հայտարարել է, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը:

«Մենք անպայման բողոքարկելու ենք մեղադրանքը և հարուցված քրեական գործերը»,- ասել է Սողոմոնյանը:

Քոչարյանի փաստաբանական խմբի փաստաբան Ռուբեն Սահակյանը մանրամասներ է ներկայացրել Քոչարյանի հարցաքննության գործընթացից և հարուցված քրեական գործի քննությունից:

«Ուսումնասիրեք՝ արդյոք բովանդակային առումով ՀՔԾ-ի հաղորդագրությունն ու առաջադրված մեղադրանքը նման են: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 26-ին՝ նա հրավիրված էր որպես վկա, բայց հենց առաջին իսկ պահից որոշել են մեղադրանք առաջադրել և հարցաքննել որպես մեղադրյալ: Իմ պրակտիկայում նման դեպք եղել է, ինձ էլ են մեղադրանք առաջադրել՝ հետո կարճվել է գործը: Վստահ եմ, որ այս գործով ևս այդպես կլինի», - ասել է Սահակյանը՝ հավելելով, որ իր համար ելակետ է լինելու է ՀՔԾ-ի՝ հուլիսի 3-ի հաղորդագրությունը:

Նա նշել է, որ Քոչարյանը ցուցմունք չի տվել, թեև պատրաստվել էր դրան, քանի որ ՀՔԾ-ն որոշել էր միանգամից մեղադրանք առաջադրել:

«Անկեղծ ասած՝ կարծում էի, որ կկալանավորեն, չէի կասկածում: Նկատեցի, որ հարցաքննության սենյակում գտնվում էին մարդիկ, որոնք մեկից ավելին էին, նրանցից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը, ընդամենը 17-18 տող և դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ և բերեց որոշում՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին»,- ասել է նա:

Փաստաբանը տեղեկացրել է, որ կալանքի միջնորդությունը բավարարելու դատական նիստի մասին ծանուցագիր ինքը ստացել է ժամը 21:35-ին որտեղ նշված է եղել, որ նիստը նշանակվել է 22:00-ին: Սահակյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն, ծանուցագիր չի ուղարկվել։

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը գտնում է, որ նրա դեմ հարուցված քրեական գործը բավարար մշակված չէ քննչական մարմինների կողմից:

«Մենք չենք կարողանում հասկանալ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ ապացույցների մեջ էլ ուղղակի ապացույց չկա: Մինչև վերջ ես չեմ կարողանում հասկանալ մեղադրանքը, ինչ-որ փաստեր են նկարագրված, որից հետո ասում է՝ 300.1 հոդված, որը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն: Այն արարքը, որը կատարել է, մենք չենք կարողանում հասկանալ: Ես հանցագործության հանցակազմի էլեմենտը չեմ կարողանում հասկանալ, որպեսզի կարողանանք անձին պաշտպանել կամ չպաշտպանել»,- ասել է Օրբելյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով, հայտնել է 2-րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---