Քաշաթաղցիները դատապարտում են զիջողական հայտարարությունները![]() 3 օգոստոսի 2018 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «Ազատ Հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցները դատապարտել են զիջողական հայտարարությունները: Ելույթներով հանդես են եկել մի խումբ քաշաթաղցիներ, ովքեր իրենց խոսքում դատապարտել են զիջողական հայտարարությունները: Նրանք խիստ վտանգավոր են որակել պարտվողական տրամադրությունների սերմանումը, պարբերաբար հողեր հանձնելու վերաբերյալ կեցվածքը, որպես խաղաղության հասնելու միակ և ճշմարիտ ճանապարհ ներկայացնելու միտումները: Հանրահավաքին ելույթով հանդես է եկել ԱՀ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա խստորեն դատապարտել է միակողմանի զիջումների մասին տրամադրությունները՝ նշելով, որ դեռևս վարչապետության տարիներին հրապարակավ դատապարտել և անընդունելի է համարել Մադրիդյան սկզբունքները: «Այսօր էլ կրկնում եմ, որ մենք չունենք գրաված, ազատագրված հողեր, մենք ունենք Սահմանադրությամբ և արյունով հաստատած հայրենիք, որի սահմանների վրա ազատ և ինքնիշխան պետություն ենք կառուցում: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է՝ որպես ինքնուրույն պետություն՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով: ՀՀ և ԱՀ իշխանություններն այս ուղղությամբ համագործակցված քաղաքականություն են տանում, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց: Եվ հանուն մեր միասնական հայրենիքի՝ յուրաքանչյուրս պետք է մշտապես պատրաստ լինենք պայքարելու»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները քաղաքական բանակցություններում միայն ամրացնելու են հայկական կողմի դիրքերը: Դրան նպաստելու համար Ա. Հարությունյանը կոչով դիմել է ողջ հայությանը՝ աջակցելու Քաշաթաղի և Շահումյանի շրջանների զարգացմանը՝ շեշտելով, որ տնտեսապես և ժողովրդագրորեն ուժեղ Արցախը պատրաստ է լինելու դիմագրավել ցանկացած մարտահրավերի: Ըստ աղբյուրի, հանրահավաքի վերջում քաշաթաղցիները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է Արտյուշ Մխիթարյանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.«Մենք՝ ազատագրված տարածքի բնակիչներս, վճռականորեն հայտարարում ենք, որ մենք ենք այս հողի տերերը և միայն մենք իրավունք ունենք որոշելու այս տարածքների հետագա ճակատագիրը: Իսկ այդ որոշումը մեր կողմից կայացվել ու հաստատվել է վաղուց: Տարածքների զիջումը որպես խաղաղության հասնելու միջոց ներկայացնողներին ի պատասխան հայտարարում ենք, որ մենք կանգնած և հպարտ մեռնելը գերադասում ենք չոքած և գլխիկոր ապրելուց: Մեր հերոսների արյունը սակարկման ենթակա չէ, քանի որ այն անգին է ու սուրբ: Վճռականորեն դատապարտում ենք պարտվողականության և զիջողականության ցանկացած փորձ: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ազատագրելու դեռևս գերության մեջ գտնվող մնացած հողերը: Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ մեր հայտարարությանը և մերժել տարածքների զիջման ցանկացած փորձ: Մենք առավել քան ամուր ենք կանգնած այս հողի վրա: Մե՛նք ենք տերը մե՛ր երկրի: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկայիս իշխանությունների կից վարվող քաղաքականությանը»: Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարել էր, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։Հայտարարությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Արցախում:Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել իր խոսքերի համար, ասելով, որ սխալվել է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |