Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի և Գաբոնի ԱԳ նախարարներին

Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի և Գաբոնի ԱԳ նախարարներին

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարն ընդգծել է Հայաստանի իշխանությունների քաղաքական հետաքրքրվածությունը՝ առավել ընդլայնելու Աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի փոխգործակցությունը։ Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ գործակցությունը՝ կարևորելով երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գործընկերներին ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական և սկզբունքային քայլերը՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերը: Նախարար Մնացականյանը հավելել է, որ Հայաստանը վերոնշյալ նախաձեռնություններն իրականացնում է որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ նպատակ ունենալով կանխել մեկ այլ ժողովրդի կողմից այդ արհավիրքի հնարավոր վերապրումը։ Զրուցակիցները շեշտել են, որ այս հարցում երկու ժողովրդին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև դիմակայելու կարողությունը և վերապրելու վճռականությունը։

Այցի շրջանակում Ռուանդայի և Գաբոնի արտաքին գործերի նախարարներն այցելել են Ծիծեռանակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---