Վարչապետ. Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցն անձնական հարաբերությունների հարթակում էր

Վարչապետ. Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցն անձնական հարաբերությունների հարթակում էր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը, հայտարարել է, որ քննարկվելու է հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ ընթացքը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստեր տեսնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով Վլադիմիր Պուտինի շնորհավորանքի մեջ՝ Փաշինյանն ասել է, որ դա անձնական հարաբերությունների հարթակում էր, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Ոչ, դա անձնական հարաբերությունների հարթակում էր: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ գնահատում է և պահպանում՝ աշխարհի տարբեր երկրների նախկին և ներկա ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս, Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է եռալ, վարչապետն արձագանքել է. «Դե, շոգ էր այսօր բավականին, իսկապես»:

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հեռախոսազանգն, ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմամյա բարի հարաբերություններ ունեն: «Գիտեք, որ տարիներ շարունակ և Պուտինը, և Քոչարյանը պահպանում են լավ հարաբերությունները, որոնք ենթակա չեն Հայաստանում կատարվող որևէ իրադարձության ազդեցության»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Քոչարյանն ավելի վաղ հայտարարել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։

 Ուշագրավ
---