Այսօր Ղարաբաղի հարցում իրավիճակը հայ ժողովրդին հակառակ է դարձել, գտնում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը կարելի էբաժանել չորս փուլի` 1991-94, 1994-98, 1998-ից մինչեւ այսօր, եւ ժամանակահատված, որը սկսվել է հիմա: Այդ մասին Ղարաբաղում միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Բոլոր չորս էտապները էքս-նախարարը վերլուծել է չորս հիմնական գործոնների լույսի տակ, գործոններ, որոնք ներգործություն են ունենում բոլոր հակամարտությունների լուծումների վրա: «Դրանք են միջազգային զարգացման միտումները, պետությունների շահերը տվյալ տարածաշրջանում, հակամարտող կողմերի ներքաղաքական իրավիճակը, կողմերի դիվանագիտական ներուժը»,- նշել է Օսկանյանը:



Տվյալ համատեքստում գնահատելով առաջին էտապը, նա նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային կարծիքն ավելի շուտ դեմ է եղել մեզ, քան «կողմ»: Մասնավորապես, ճանաչելով նոր պետությունների ի հայտ գալը, միջազգային հանրությունը թույլ չի տվել օգտվել ինքնորոշման իրավունքից այդ պետությունների մաս կազմող կազմավորումներին, վախենալով դոմինոյի էֆեկտից: «Մեծ տերությունների շահերը տարածաշրջանում նույնպես հստակ չէին, հակամարտող կողմերի ներքաղաքական վիճակը կայուն չէր, դիվանագիտությունն էլ թույլ էր: Այն ժամանակ միջազգային հանրությունը փորձել է լուծել հակամարտությունները համընդհանուր դեմոկրատական սկզբունքներով, եւ ներգրավել հակամարտող երկրներին վերազգային ծրագրերի մեջ: Սակայն այդ ամենը բերել է տեւական պատերազմների: 1994-98թթ միջազգային հանրությունը սկսել է կասկածել հակամարտությունների հանդեպ իր մոտեցման վրա: Շեշտադրումները սկսվել են փոխվել, եւ հենց իրենք` հակամարտող կողմերն էլ են սկսել վերաձեւավորվել: Սկսվել են երկրների շահեր ձեւավորվել տարածաշրջանում եւ ի հայտ է եկել պրոֆեսիոնալ դիվանագիտությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը:



1998թ. Հայաստանում տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, փոխվել են միջազգային միտումները, եւ, շնորհիվ լավ դիվանագիտության, Վ. Օսկանյանի խոսքերով, հաջողվել է պատրաստել մի փաստաթուղթ, որտեղ «սեւով սպիտակի վրա ամրագրված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:



«1998 թվականից 10 տարի հետո, իրավիճակը հայ ժողովրդին հակառակ է դարձել: Կոսովոյի անկախության ճանաչումից հետո միջազգային հանրության կարծիքը դեմ է ինքնորոշման իրավունքին: Տարբեր տեղեր, տարբեր մակարդակներով հայտարարվել է, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել, եւ դրանք ուղղակի խոսքեր չեն, այլ միաջազգային հանրության տրամադրվածություն: Այն մեծ խոչընդոտ է հանդիսանալու մեր ճանապարհին: Բացի այդ, ԱՄՆ եւ Ռուսաստանի մեջ խորացող հակասությունները բացասաբար են անդրադառնալու մեր տարածաշրջանի վրա: Երրորդ գործոնը` Հայաստանի ներքաղաքական վիճակը վերջին 20 տարիների ընթացքում երբեւէ այսքան թույլ չի եղել, ինչպես հիմա է: Եվ այդ ֆոնի վրա մեծ կարեւորություն ունի չորրորդ գործոնը` դիվանագիտությունը: Հայաստանում փոխվել են նախագահն ու արտգործնախարարը, որոնք արդեն հայտարարել են, որ շարունակելու են նախկին քաղաքականությունը: Սակայն ես առայժմ չեմ տեսնում հստակ շեշտադրումներ», - ասել է Վարդան Օսկանյանը:



Ավարտելով իր խոսքը` դիվանագետը նշել է. «Ես գտնում եմ, որ փաստաթուղթը, որը հիմա գտնվում է բանակցությունների սեղանին, առավել շահավետ է բոլորի համար, եւ հույս ունեմ, որ Ադրբեջանը չի հրաժարվելու նրանից», հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---