Քոչարյան. Ազնավուրի կյանքի հետ ավարտվեց մի ամբողջ մշակութային դարաշրջան

Քոչարյան. Ազնավուրի կյանքի հետ  ավարտվեց մի ամբողջ մշակութային դարաշրջան

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապացությամբ:

«Չափազանցություն չի լինի ասել, որ իր կյանքի հետ միասին պատմության մեջ ավարտվեց մի ամբողջ մշակութային դարաշրջան։ Հնարավոր չէ մեկ բառով բնորոշել Ազնավուրին։ Կյանքից հեռացավ մեծ երգիչ, մեծ արվեստագետ, մեծ հայրենասեր և պարզապես՝ Մեծ Մարդ։ Ջերմությամբ եմ հիշում մեր բազմաթիվ հանդիպումները՝ Երևանում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, ուր խաչվում էին մեր ճանապարհները։ Շառլի հետ բոլոր շփումները հիրավի հիշարժան էին։ Նա նրբանկատ զրուցակից էր, յուրահատուկ ու հետաքրքիր կենսափիլիսոփայության կրող, ով կարողանում էր արտահայտել իր գաղափարներն ու սփռել իր արժեքները ինչպես բեմից, այնպես էլ առօրյա կյանքում։ Անգնահատելի է Շառլ Ազնավուրի ավանդը մեր հայրենիքի շենացման, մշակութային զարգացման ու հայերիս համաշխարհային համբավ բերելու գործում։ Վստահ եմ՝ դեռ երկար տարիներ նա տարբեր ժողովուրդների համար ամենահայտնի հայն է մնալու ու մարմնավորելու է իսկական հայի հավաքական կերպարը», - գրել է Քոչարյանը:

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, 94-ամյա շանսոնյեն մահացել է:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---