Գործադիրը կուսումնասիրի օրեր առաջ բողոքի ցույց անող արծվաշենցիների խնդրի լուծման ուղիները

Գործադիրը կուսումնասիրի օրեր առաջ բողոքի ցույց անող  արծվաշենցիների խնդրի լուծման ուղիները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 1992 թվականի օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առաջ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը լսել է արծվաշենցիների խնդիրները և մանրամասն ծանոթացել նրանց հուզող հարցերին:

Արծվաշենցիները նշել են, որ 1992 թվականի ի վեր գույքային փոխհատուցման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետության կողմից իրենց 3 անգամ տրամադրվել է փոխհատուցում՝ 2 անգամ 50-ական մլն և 1 անգամ 708 մլն դրամի չափով: Նրանց խոսքով՝ ընդհանուր առմամբ կառավարության նախորդ տարիների որոշումներով նախատեսվել է յուրաքանչյուր բռնի տեղահանված ընտանիքին տրամադրել 1-ական մլն դրամ, որի մի մասն արդեն իսկ տրվել է: Իսկ այժմ արծվաշենցիների մեծ մասը բարձրացնում է պետական ֆինանսական աջակցության հետագա չափաքանակի տրամադրման հարցը և պատրաստ է կառավարության հետ քննարկել անելիքներն այս ուղղությամբ:

Հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կուսումնասիրի տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծման ուղիները: Միևնույն ժամանակ վարչապետը հորդորել է արծվաշենցիներին՝ հստակ ձևակերպել ակնկալիքները կառավարությունից և ներկայացնել միասնական տեսակետ փոխհատուցման ծավալի և ժամանակացույցի վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ 20-օրյա ժամկետում վերհանել և ներկայացնել ողջ տեղեկատվությունը 1992 թվականից ի վեր պետության կողմից արծվաշենցիներին տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ. ե՞րբ և որքա՞ն գումար է հատկացվել, որքա՞ն է ծախսվել և ո՞ւմ է տրվել՝ թե անվանական, թե ընդհանուր կտրվածքով: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ողջ տեղեկատվությունը կվերլուծվի, կհամադրվի, կստուգվի և հաջորդ հանդիպմանը համատեղ կքննարկվեն հետագա անելիքները:

Ավելի վաղ, կառավարության շենքի դիմաց օրեր առաջ բողոքի ցույց անող արծվաշենցիները փորձել էին անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել կառավարության շենք, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել: Սկսվել է հրմշտոց և քաշքշուկ:

Ցուցարարները խփում էին դռներին և լուսամուտներին: Նրանց հետ հանդիպման էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո կրքերը հանդարտվել են: Հավաքվածների և Փաշինյանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ կհանդիպեն հոկտեմբերի 2-ին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---