Զարիֆը շնորհակալ է Երևանին՝ Բոլթոնի այցին Իրանի մասով բարեկամական դիրքորոշման համար

Զարիֆը  շնորհակալ է Երևանին՝ Բոլթոնի այցին Իրանի մասով   բարեկամական դիրքորոշման համար

PanARMENIAN.Net - Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ համաձայն իրանական աղբյուրից ստացված տեղեկատվության, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհակալական ուղերձ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Թեհրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշման համար:

«Ըստ իրանական աղբյուրից ստացված տեղեկատվության, նոյեմբերի 1-ին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին, որը հայկական կողմին է փոխանցել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շնորհակալական ուղերձը։ Եթե այդ ուղերձը թարգմանենք իրանական դիվանագիտության լեզվից, ապա ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանը չափազանց գոհ է հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Իրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշումներից», - գրել է իրանագետը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական որևէ ազդեցությունից:

Ավելի վաղ Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ շնորհավորելով վերջինիս Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար, ասել էր ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարության ջանքերին: Հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Բոլթոնը ասել էր, որ առաջարկել է Փաշինյանին ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը դիտարկել:

Նա նաև խոսել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից և դրա շուրջ «օղակը սեղմելուց»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---