Քաղաքապետ. Հետևել տրանսպորտի վարորդների արտաքինին և բացառել ծխելը

Քաղաքապետ. Հետևել տրանսպորտի վարորդների արտաքինին և բացառել ծխելը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է քաղաքային տրանսպորտի սպասարկման խնդիրներին: Նա ուղևորափոխադրող ընկերությունների առջև մեկ անգամ ևս պահանջ է դրել հետևել վարորդների պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն, ուղերթի ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը և շարժակազմի անխափան շահագործմանը:

Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետը «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ:

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում, և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին: Զեկուցվել է նաև, որ ամփոփման փուլում է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի մրցույթը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---