Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ ընտրություններին կմասնակցի ՔՊ ցուցակով

Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ ընտրություններին կմասնակցի ՔՊ ցուցակով

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հաստատել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով մասնակցելու մասին լուրերը։ Ավելին, լրագրողների հետ ճեպազրույցում Ցոլակյանը հայտարարել է, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել հարազատ Շիրակի մարզում։

Անդրադառնալով այն հարցին, թե դժվա՞ր էր իր համար նման որոշում կայացնելը՝ Ցոլակյանը պատասխանել է. «Որ ասեմ դժվար էր, ի՞նչ կփոխվի դրանից։ Առաջարկություն է եղել, համաձայնել եմ», հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողների խնդրանքով արձագանքելով ՔՊ անդամների այն դիտարկումներին, թե իրենց ցուցակում ընդգրկվում են նրանք, ովքեր աջակցել են հեղափոխությանը՝ Ցոլակյանը նկատել է. «Ես որևէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել։ Ես չեմ քայլել, ճանապարհ չեմ փակել, իմ աջակցությունը կայացել է քվեարկության ժամանակ՝ Ազգային ժողովում իմ վերաբերմունքը ցույց տալով։ Դրանից հետո ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ աջակցել իշխանություններին և հիմա իմ աջակցությունը հայտնում եմ՝ ընտրություններում առաջադրվելով»։

Նա հիշեցրել է, որ երբևէ կուսակցական չի եղել, Հանրապետական կուսակցության անդամ չի եղել, բայց եղել է իշխանության մեջ իր աշխատելու շնորհիվ։

«Հիմա իրավիճակ է փոխվել ու դրա հետ կապված, ես առաջարկում եմ իմ օգնությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ես երբևէ կուսակցական չեմ եղել ու չեմ լինելու», - հայտարարել է Ցոլակյանը։

Դիտարկմանը, թե եթե իր առաջ խնդիր դրվի անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Ցոլակյանն արձագանքել է. «Ես երբեք չեմ անդամակցի որևէ կուսակցության»։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---