Ատամնաբույժները պահանջում են վերանայել արտոնագրային վճարների որոշումը

Ատամնաբույժները պահանջում են վերանայել արտոնագրային վճարների որոշումը

PanARMENIAN.Net - Մի քանի ատամնաբուժարանների ղեկավարներ և ատամնաբույժներ բողոքի ակցիա են իրականացնում առողջապահության նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերանայել 2013թ. ընդունված արտոնագրային վճարների մասին որոշումը, համագործակցել իրենց հետ՝ կողմերի համար ընդունելի որոշում գտնելու համար։

Ըստ ատամնաբույժների, մի քանի օր առաջ հանդիպել են նախարարի պաշտոնակատարի հետ, ինչից հետո մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլև խորացել են։ Ասեն Թորոսյանը, ըստ ակցիայի մասնակցի, նշել է, ՊԵԿ-ի հետ կքննարկեն խնդիրը, ատամբաբույժներին կամ կկանչեն քննարկման, կամ ոչ, հայտնում է Panorama.am-ը։

«Եկել ենք, որպեսզի քննարկենք ու մեր սպեցիֆիկան ներկայացնելով, ունենանք ավելի խելամիտ հարկավճար։ Այսօր մեկ բազկաթոռի համար վճարում ենք ամսական 80 հազար, 60 հազար դրամ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ատամնաբույժները պահանջում են, հարկային օրենսգրքի փոփոխությունները մշակելիս նաև առողջապահական կազմակերպությունների կարծիքը հաշվի առնել։

«Մենք այս 6-7 ամիսների ընթացքում հասկացանք, որ նախկին մեթոդներն ու պրակտիկան շարունակվում են։ Մի թիմ նստում է, որոշում, թե ինչ պիտի անի, մյուսներին էլ չի տեղեկացնում։ Այսպես հանդիպման մերժումով ուզում են հարցը փակվի։ Բայց այդպես չի լինի»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են ակցիայի մասնակիցները սակավաթիվ՝ մասնակիցներից մեկը նշել է, որ իրենք ստորագրություններ ունեն, հարցումներ են արել, հարկատեսակից դժգոհ է ոլորտում աշխատողների 85 տոկոսը։

Ակցիային մասնակից մշակութաբան Սիրանուշ Առաքելյանն էլ նշել է, որ հարկերի պատճառով հասարակության մի ստվար զանգված չի կարողանում օգտվել բժշկական այդ ծառայությունից։ «Մենք առաջարկում ենք հարկ սահմանելիս հաշվի առնել միջին աշխատավարձի չափը, որովհետև բարձր գներն անհնար է դարձնում ծառայությունից օգտվելը։ Սա միայն ստոմատոլոգների խնդիրը չէ, սա հանրային խնդիր է»,-ասել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---