«Վեոլիա Ջուրը» 20 մլն դրամով տուգանվել է՝ շուկայականից մի քանի անգամ թանկ ջրաչափեր իրացնելու համար

«Վեոլիա Ջուրը»  20 մլն դրամով տուգանվել է՝ շուկայականից մի քանի անգամ թանկ ջրաչափեր իրացնելու համար

PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ընկերությունը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվել է 20 մլն դրամով` գերիշխող դիրքի չարաշահման համար։ Այս մասին նոյեմբերի 7-ին կայացած նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը եռակի գերազանցում են տեղական շուկայի նոր արտադրանքի գներին:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ, ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսավարողներից: Հանձնաժողովը գտնում է, որ այստեղ կա մրցակցության խնդիր և հանձնարարում է դադարեցնել նման վարքագիծը»,-ասաց Շաբոյանը:

«Արազեն» հայ-գերմանական ընկերությունը, որը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, դիմել է ՏՄՊՊՀ` «Վեոլիա Ջրի» պատճառով ոչ մրցակցային իրավիճակում հայտնվելու և գործունեությունը դադարեցնելու պատճառով: «Արազեն» հայ-գերմանական ընկերության հիմնադիր-տնօրեն Արա Սանթրոսյանն ասել է, որ իրենց ընկերության կողմից արտադրված ջրաչափերը ոչնչով չեն զիջում Չինաստանից, Իսպանիայից ներկրված ջրաչափերին:

«Մենք 2001 թվականից իրականացնում ենք մեր գործունեությունը բավական մատչելի գներով: Մեր կողմից արտադրված ջրաչափերը 90%-ով կիրառվում են Լեռնային Ղարաբաղում, 200,000-ն էլ Վրաստանում է տեղադրված, բայց «Վեոլիա ջուր» ընկերության պատճառով մենք կանգնել ենք փաստի առաջ, չենք կարողանում իրացնել մեր կողմից արտադրված ջրաչափերը ՀՀ-ում և դադարեցրել ենք մեր գործունեությունը»,-ասել է նա:

«Արազենի» դիմում-բողոքի համաձայն` «Վեոլիա ջուր» ընկերությունը մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30,000 ջրաչափ և գնման գործընթացում չի եղել հրապարակային, ընկերությունը հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողի իր արտադրանքն իրացնել: 2017 թվականին «Վեոլիա Ջրի» կողմից ներմուծված ջրաչափերի միջին գինն, ըստ տեսակների, կազմել է 8400 և 9500 դրամ, այն դեպքում, երբ տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3200 դրամից մինչև 7000 դրամ:

Արդյունքում, միայն մեկ տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռք բերման համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:

Ավելի վաղ «Վեոլիա Ջուրը» տուգանվել է երկու անգամ՝ 5 մլն դրամով և 10 մլն դրամով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---