Մնացականյան. ՀՀ-ն պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Մնացականյան. ՀՀ-ն պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար երկիրը լավ կադրային ներուժ ունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած խնդիրներին:

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ կազմակերպության նորմատիվ բազան որևէ կոնկրետ լուծում չի նախատեսում այն դեպքի համար, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից իր լիազորությունների կատարումն անհնար է: Մնացականյանը շեշտել է նաև, որ որոշումները ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱԳ պաշտոնակատարը հավելել է նաև, որ ՀԱՊԿ հեղինակությունը, կենսունակությունը և արդյունավետությունը չափազանց կարևոր են Հայաստանի համար: «Որպես ՀԱՊԿ անդամ մենք շահագրգռված ենք, որ կազմակերպությունն ամոււր լինի, և մեր ավանդն ենք բերում այդ գործին»,-ասել է նա:

Մնացականյանը շեշտել է նաև, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գործող քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, քանի որ ծագել էին ներքին բնույթի իրավական խնդիրներ: «Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի հենց սկզբից տարանջատի կազմակերպությունն ու մեր երկրի ներքին խնդիրները»,-ասել է Մնացականյանը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանն ասել էր, որ երկիրը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Նա ասել է, թե ոչ ոք չի փորձում «նսեմացնել Հայաստանի իրավունքները, որ ինչ-որ մեկը հաղթեց, կամ տանուլ տվեց»:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի միջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ զրույցին, ասել է, որ «ի վերջո, կոռեկտ չէ», երբ կառույցի ոչ անդամ երկրի դեսպանի հետ քննարկվում են դրա ներքին հարցերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---