Փաշինյանի առաջարկը՝ զինվորի բնակվարձի փոխհատուցումն ուղղել հիփոթեքով տուն գնելուն

Փաշինյանի առաջարկը՝ զինվորի բնակվարձի փոխհատուցումն ուղղել հիփոթեքով տուն գնելուն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստում հաստատվել է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ նախարարությունն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է փոխհատուցման գումարները:

«Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2.207 մլրդ դրամ, նախատեսվում է 915 մլն դրամի ավելացում և ընդհանուր գումարը հասնելու է 3.222 մլրդ դրամի»,- ասել է Բալայանը:

Նախագծով զինծառայողին վարձակալության համար կհատկացվի ոչ ավելի քան, Երևանում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65,000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85,000 դրամ, այլ քաղաքներում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38,000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50,000 դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20,000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25,000 դրամ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, կա արդյոք մեխանիզմ, որ ոչ թե տան վարձի գումարը տրամադրվի, այլ հիփոթեքային վարկ ձևակերպվի ու այդ գումարն ուղղվի վարկը փակելուն: Նա հանձնարարել է հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ:

«Ինչո՞ւ ենք այդքան գումարը ծախսում, հետո մարդն իր ծառայությունն ավարտեց, ասում ենք, դե լավ, գնա, քեզ բնակարան չենք տալիս: Կարող է մարդն ասի՝ ինձ տայիք գումար, ես ծառայության այդ փողը չեմ ուզում, այսինքն` քաղաքում բնակարան եմ գնում, որ ծառայությունից հետո գնամ այնտեղ ապրեմ»,- նկատել է վարչապետի պաշտոնակատարը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---