«Իմ քայլը» քարոզարշավը կսկսի Գյումրիից

«Իմ քայլը» քարոզարշավը կսկսի Գյումրիից

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն սկսելու է Շիրակի մարզից՝ Գյումրիից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր փորձը ցույց է տալիս, որ ինչ սկսվում է Գյումրիից, լավ ավարտ է ունենում, այնպես որ՝ բոլորին խորհուրդ եմ տալիս ամեն ինչ Գյումրիից սկսել», - ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով իր գլխավորած դաշինքի նախընտրական կարգախոսին ու դիտարկմանը՝ քննարկվում էր արդյոք «Նիկոլ՝ վարչապետ» տարբերակը՝ վարչապետի պաշտոնակատարն ասել է.«Այս ընտրություններն ինչ-որ առումով, այսինքն՝ հենց ուղղակի առումով վարչապետի ընտրություններ են, ու կարող են լինել վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ»։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ քարոզչության համար սահմանված ժամկետից դուրս քարոզչություն անելու սահմանափակում չկա: «Կոչեր կարող են հնչել միշտ»,-ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե քարոզարշավը չսկսված, քարոզչություն է իրականացնում:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

 Ուշագրավ
---